Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ «Orange Արմենիա» ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ և մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ:
2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց «Անվտանգ ինտերնետ երեխաների համար» հռչակագիր, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը Ֆրանս Տելեկոմ Orange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone և այլն:
«Վիրտուալ ցանցի և իրական կյանքի կանոնները շատ նման են և դրանց հետևելը ավելի արդյունավետ կդարձնի համացանցի օգտագործումը: Տրամադրելով անսահման եւ աննախադեպ հնարավորություններ` համացանցը պարունակում է նաեւ բազմաթիվ վտանգներ` հատկապես երեխաների համար: Ավելին՝ երեխաներն ու պատանիներն իրենց ժամանակի մի զգալի մասը անցկացնում են այն վիրտուալ միջավայրում, որտեղ օգտակար բովանդակության հետ միասին կա նաև վտանգավոր բովանդակություն»,-նկատեց Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը: